«Քայլարածը» 3 տարի առաջ մեր պետության կործանման ընթացքը սկսեց Գյումրիից, ձեր թասիբով դուք պետք է Գյումրիով փակեք այդ ամոթի և խայտառակության էջը․ Իշխան Սաղաթելյանը՝ գյումրեցիներին
Սիրելի՛ հայրենակիցներ, ի՞նչ է փոխվել 3 տարվա մեջ ձեր կյանքում, ավելի լա՞վ եք ապրում, էլ չե՞ք արտագաղթում, արտագնա աշխատանքի չե՞ք գնում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում կայացած հանրահավաքին հայտարարեց Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ներկաներին։
«Կարո՞ղ եք ասել՝ երեք տարվա մեջ մեկ շենքի, գործարանի հիմք դրվե՞լ է այս քաղաքում։ Եկեք հիշենք՝ երբ են շենքեր կառուցվել այս քաղաքում, երբ Գյումրին ոտքի կանգնեց, հիշենք այն օրերը, որբ Գյումրին օրեցօր ծաղկում և առաջ էր գնում»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ այս օրերին տարբեր մարզերում շինարարներ են մոտենում իրենց, վստահությամբ ու ակնկալիքով պատմում, թե ինչպես է կառուցվել Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Սելիմի ճանապարհը, Սպիտակը, Գյումրին։
«Ձեր օգնությամբ այդ ամենը կրկնելու ենք։ Սիրելի՛ գյումրեցիներ, Ձեր պարտավորությունը կրկնակի է, այդ «քայլարածը» 3 տարի առաջ մեր պետության կործանման ընթացքը սկսեց Գյումրիից, ձեր թասիբով դուք պետք է Գյումրիով էլ փակեք այդ ամոթի և խայտառակության էջը»,-ասաց նա։