Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ֆոնին ցավալի էր երկրի փաստացի ղեկավարի պաշտոնակատարի պահվածքը. Սողոմոնյան
Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ֆոնին ցավալի էր երկրի փաստացի ղեկավարի պաշտոնակատարի պահվածքը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով վարչապետի պաշտոնակատարն ուղղակի երեկ պետք է երեսը ոչ մեկին ցույց չտար. «Ինչպես տեսաք նույնիսկ հասցրել էր գինովնալ, եթե ճիշտ եմ հասկանում կադրերից»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Վերջինս անդրադարձավ նաև Հանրային հեռուստաընկերության թոք շոուին, որը վարում է Պետրոս Ղազարյանը և ասաց, որ վերջինիս հետ նախապես պայմանավորվածություն էին ունեցել, որ Հանրային հեռուստատեսությանը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց կտա և որ դա պետք է տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի համար հարմար վայրում։
«Պայմանավորվեցինք այդ մասին, ֆիքսեցինք հարցազրույցի օրը, բայց ցավոք սրտի դրանից մի քանի օր հետո ինձ տեղեկացրեցին, որ Հանրային հեռուստատեսության տնօրինությունը կտրականապես դեմ է, որ լինի արտագնա հաղորդում։ Այսինքն նրանք պայման դրեցին, որ մենք գնանք տաղավար։ Մեզ համար ցանկացած նախապայմանի առկայությունն այս պարագայում արդեն խնդրահարույց էր։ Այստեղ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում և պարզ էր, որ գուցե պայմանավորվեինք տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս չեղարկվեր։ Ինչ վերաբերում է դեբատներին, ապա դրանք կորցրել են իրենց իմաստը։ Դրանք չեն կարող լինել բովանդակային, չեն կարող ունենալ առարկայական բնույթ և գործող վարչակազմի պարագայում դրանք չեն կարող որևէ իմաստ ունենալ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Աղբյուր` Փաստինֆո