Հրվ․ Աֆրիկայում բնակիչները փորում են դաշտերը՝ կարծելով, թե ադամանդ են գտել, բայց գտածո քարերի թանկարժեքությունը չի հաստատվել (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչներն «ադամանդի տենդի» պատճառով հավաքվում են Կվազուլու-Նաթալ նահանգի Կվահլաթի գյուղում՝ հարստանալու նպատակով, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ այս տարածքում անհայտ քարեր են հայտնաբերվել։
Հունիսի 12-ից ի վեր Հարավային Աֆրիկայի բնակիչները փորում են գյուղի դաշտերը՝ փնտրելով քարերը, որոնք առաջին անգամ նկատել է տեղի հովիվը։
Բնակիչներն այս քարերը վաճառում են 7-ից 20 դոլարով՝ կախված դրանց չափից։ Աղքատությունը և գործազրկության բարձր մակարդակը, որոնք կորոնավիրուսային համավարակի հետևանքով սրվել են, շուրջ 3 տասնամյակ անփոփոխ են Հարավային Աֆրիկայում։
2 երեխաների 27-ամյա հայրը նշել է, որ քարերի հայտնաբերումը կփոխի իր ընտանիքի կյանքը և հավելել, որ երկրում ոչ ոք նորմալ աշխատանք չունի։
Հունիսի 14-ին դեպքի վայր են ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության լեռնահանքային վարչության ներկայացուցիչները և գտածոյի նմուշներ վերցրել, որից հետո քարերի թանկարժեք լինելը չի հաստատվել, սակայն դա չի խանգարել մարդկանց փորել։
Իշխանությունը փորձում է ցրել բնակչությանը՝ նախազգուշացնելով կորոնավիրուսային վարակի սպառնալիքի մասին։