Պուտինը հրաժարվել է Ժնևի օդանավակայանում արարողակարգային հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեյցարիայի իշխանություններին խնդրել է Ժնև ժամանելուն պես արարողակարգային հանդիպում չանցկացնել: Այս մասին գրում է vz.ru-ն՝ հղում կատարելով Tribune de Geneve առցանց հրատարակությունը:
Լրատվամիջոցը, հղում կատարելով Ժնևի քաղաքապետ Ֆրեդերիկա Պերլեին, նշել է՝ Ռուսաստանի նախագահը լիովին հրաժարվել է Շվեյցարիայի իշխանությունների հետ անցուղիում կայանալիք արարողակարգային հանդիպումից:
«Կանտոնի ղեկավարությունը պատրաստվում էր հանդիպմանը, բայց կկատարի ռուսական պատվիրակության ցանկությունը»,- մանրամասնել են գերատեսչությունից:
Tribune de Geneve-ը նշում է նաև, որ նախօրեին անվտանգության ուժերի ներկայացուցիչները ծառայողական շներով այցելել էին Ժնևի համալսարանական հիվանդանոց և շրջապատել վերակենդանացման բաժանմունքների որոշ մահճակալներ: Ինչպես հստակեցվել է, դա Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներից մեկն է, քանի որ պատվիրակություններին տրամադրվում է ոչ միայն անվտանգության, այլ նաև բժշկական աջակցություն:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հունիսի 16-ին կհանդիպեն Ժնևում: Երեքշաբթի երեկոյան Ժնևում վայրէջք է կատարել ռուսական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը: Բայդենը նույնպես ժամանել է Ժնև:
Կրեմլը հայտնել է, որ նախագահները կքննարկեն ռազմավարական կայունության, կորոնավիրուսի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղաբաղում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Բելառուսում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը շվեյցարական Ժնևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 15:35-ին: