Մենք հասկանում ենք, որ մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ ելքը մեզ համար մեկն է՝ հաղթանակն ու իշխանությունը վերցնելն է․ Ռ․ Քոչարյանը՝ Արտաշատում
Այսօր շատ ավելի լավ ենք ճանաչել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները․ Արարատ մարզի մարզկենտրոնում՝ Արտաշատում, ընտրողների հետ հանդիպմանն այսպես ասաց երեկ՝ հունիսի 15-ին, երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր համարը 24-ն է, սա նշանակում է՝ աշխատել 24 ժամ։ Մեր համարը 24-ն է, դա աշխատանքային օրերն են ամսվա մեջ, բայց դա ձեզ համար է աշխատանքային, մեր աշխատանքայի օրերը լինլու են 30, 31 ամսվա մեջ։ Վստահ եղեք, որ բացի հանրապետական այլ հարցերից, մենք զբաղվելու ենք նաև կոնկրետ ձեր առօրյա հարցերով։ Մենք անելու ենք ամեն ինչ՝ թեթևացնելու համար ձեր բեռը, թեթևացնելու ձեր աշխատանքը և բարելավելու ձեր կյանքի որակը»,- ասաց նա։
Խոսելով երկրի և այս ընտրությունների մասին՝ նա նշեց, որ դրանք յուրահատուկ են։ Նա այս մասով մատնանշեց, որ իշխանությունն ամբողջ պայքարին իրեն պահեց ընդդիմության պես։ «Սկսել են հարմարվել իրենց կարգավիճակին։ Ողջունում եմ դա»,- ասաց նա։
Նա որպես հակադրություն, նշեց, որ իրենք ցույց են տալիս, որ իրենց թիմը, իրենց բոլոր շտաբները աշխատելու են ժամացույցի պես, ինչը բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին։ «Մենք ցույց ենք տալիս, որ այս թիմն այս ներուժն ունի և այսպես է աշխատելու ամբողջ պետական համակարգը։ Ուզու՞մ եք դա, ուրեմն այդպես է լինելու։ Մենք հասկանում ենք, որ մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ ելքը մեզ համար մեկն է՝ հաղթանակն ու իշխանությունը վերցնելն է, և այդպես է լինելու»,- ասաց նա։