ՆԱՏՕ-ն ներկա փուլում չի դիտարկում Վրաստանին և Ուկրաինային անդամակցության գործողությունների ծրագրեր տրամադրելու հարցը. Յենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ներկա փուլում չի դիտարկում Վրաստանին և Ուկրաինային անդամակցության համար նախատեսված գործողությունների ծրագրեր տրամադրելու հարցը, ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Այս պահին ուշադրության կենտրոնում բարեփոխումներն են: Իրականությունն այն է, որ այժմ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը դիտարկվում է հետևյալ կերպ՝ համապատասխանու՞մ են արդյոք այդ երկրները ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք բարեփոխումներին ուղղված ջանքերին ու պաշտպանության, անվտանգության համակարգերի արդիականացմանը»,- ասել է Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, միաժամանակ, շեշտել է, որ Ուկրաինայի և Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցում Ռուսաստանի ունեցած կտրուկ առարկությունները չեն կարող որոշիչ դեր խաղալ այդ հարցում որոշում կայացնելու դեպքում:
Սթոլթենբերգն ասել է, որ Վրաստանը, Ուկրաինան և անդամ 30 պետությունները պետք է որոշեն ու հստակեցնեն՝ արդյո՞ք այս երկու երկրները պատրաստ են անդամակցության, թե ոչ, իսկ Ռուսաստանը որևէ դերակատարում չի կարող ունենալ այդ հարցում: