«Իրանի ԶՈՒ հզորությունը ոչ թե հարևանների դեմ է, այլ նաև նրանց պաշտպանության համար»․ Իրանը սեփական արտադրության նոր ռազմանավ է ներկայացրել
Իրանի ռազմածովային ուժերը երկուշաբթի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ անցկացված առցանց խորհրդաժողովի ժամանակ ներկայացրել է նոր Էսկադրային ականակիր ռազմանավ և հատուկ նշանակության նավ, հայտնում է Tehran Times թերթը։
Նավատորմի նոր ձեռքբերումներից է Իրանի ամենահայտնի լեռնագագաթներից մեկի անունով կոչված Dena ականակիր նավը, որը կշռում է ավելի քան 1300 տոննա և համալրված է 4 թևավոր հրթիռներով։ Այն կարողանում է հայտնաբերել, հետևել և խոցել տարբեր օդային, վերջրյա և ստորջրյա սարքեր։
Մյուս համալրումը 33 մետր երկարությամբ Shahin հատուկ նշանակության նավն է, որը մշակվել և կառուցվել է Պաշտպանության նախարարության ինժեներների կողմից և կարող է պայթեցնել մի քանի տեսակի ծովային ականներ։
Ռոհանին նշել է, որ Իրանի զինված ուժերի հզորությունը ոչ թե հարևանների դեմ է, այլ նաև նրանց պաշտպանության համար է, և իրանական բանակը պաշտպանում է սեփական երկրի և տարածաշրջանի մյուս պետությունների անկախությունը։
Թերթը նշում է, որ Իրանը նպատակ ունի կայունություն և խաղաղություն պահպանել տարածաշրջանում, և դրա անհրաժեշտությունը հստակացել է հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց հետո Իրաքին և Սիրիային տրված Իրանի աջակցությամբ։