«Նեթանյահուի հեռանալով փակվում է պաղեստինա-իսրայելական հիմնախնդրում վատագույն ժամանակաշրջաններից մեկը»․ Պաղեստինի վարչապետ
Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Շթայեն ասել է, որ Բենյամին Նեթանյահուի հեռանալով փակվում է պաղեստինա-իսրայելական հիմնախնդրում «վատագույն ժամանակաշրջաններից մեկը», սակայն նոր կառավարությունը, որը գլխավորում է Նաֆթալի Բենեթը, նույնքան վատն է, որքան նախորդը, հայտնում է The Guardian-ը։
«Այս կառավարությունը պակաս վատը չէ, քան նախորդը, և մենք դատապարտում ենք իսրայելական բնակավայրերին աջակցելու մասին նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի հայտարարությունները», - ասել է Պաղեստինի վարչապետը՝ անդրադառնալով Հորդանան գետի արևմտյան ափին հողեր վերցրած հազարավոր հրեաների և հավելել, որ պաղեստինցիների ապագան և օրինական իրավունքները հաշվի չառնելու դեպքում նոր կառավարությունն ապագա չունի։
Կիրակի երեկոյան Իսրայելի նոր վարչապետն ասել էր, որ երկիրը «նոր օրերի մեկնարկին է»։ Հայտնի է, որ Բենեթը դեմ է Պաղեստինի գոյությանն ու բազմիցս կոչ է արել ավելի ուժգին հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։ Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ։
Նոր կառավարության կազմավորման առթիվ իրենց շնորհավորական ուղերձներում միջազգային առաջնորդներն անդրադարձել են նաև Պաղեստինին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է, որ պաշտոնական Օտտավան հավատարիմ է մնում երկու պետությունների ստեղծման քաղաքականությանը՝ խաղաղության, արժանապատվության և անվտանգության հեռանկարով՝ մարդու իրավունքների հարգմամբ և առանց վախի։ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Բայդենը, իր հերթին, Բենեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ մտադիր է սերտորեն համագործակցել Իսրայելի կառավարության հետ՝ իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության, անվտանգության և բարգավաճման ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսել է համագործակցության ամրապնդման մասին։
Հիշեցնենք, որ Իսրայելում 2 տարվա ընթացքում անցկացվել է 4 խորհրդարանական ընտրություն, որից վերջինն ավարտվել է կոալիցիոն կառավարության ձևավորմամբ՝ վերջ տալով վարչապետ Բենյամին Նեթանյահուի 12 տարվա պաշտոնավարմանը։