ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետներում սկսվել է ընդունելության քննությունների համար դիմումների ներկայացումը
Մասնագիտության ընտրությունն, ինչ խոսք, յուրաքանչյուրի կյանքի ամենակարևոր քայլերից մեկն է, եթե ոչ առաջնայինը։ Վերջինիս ճիշտ ընտրությունից է կախված հետագա առաջընթացն ու լավ ապագան։
Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում այս օրերին արդեն սովորական դարձած եռուզեռ է, և չնայած կարանտինային օրերի, դիմորդների հոսքն համալսարաններ չի պակասում։ Նրանք գալիս են տեսնելու, ծանոթանալու և հետո միայն ընտրություն կատարելու, թե որտեղ շարունակեն ուսումը։
Ինչպես միշտ դիմորդների թվի պակաս կարծես թե չի զգացվում նաև Մայր բուհում, որտեղ ամեն տարի ավելանում են նոր մասնագիտություններն ՝ իրենց հետ բերելով նոր հեռանկարներ։
Մեծ թիվ են կազմում ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար ԵՊՀ-ն ընտրած ուսանողները։ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց` https://admission.ysu.am կայքի միջոցով:
Համալսարանի երիտասարդ մասնագիտություններից է լրագրությունը, որը, որպես առանձին ֆակուլտետ, բանասիրական ֆակուլտետից զատ, սկսեց հանդես գալ արդեն 1999 թվականից, իսկ մինչ այդ, դեռևս 1949 թվականից, գործել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժինը՝ Բանասիրական ֆակուլտետի կազմում։
Ֆակուլտետում գործում է «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որի նպատակն է կրթել հանրային կապերի ոլորտի արհեստավարժ մասնագետների, պատրաստել կադրեր, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին, գործիքներին, դրանց կիրառման եղանակներին:
Այս ծրագրի շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի անուններ են, ոմանք հրավիրվել են դասախոսական աշխատանքի նույն ծրագրի շրջանակներում:
Երկրորդ մագիստրոսական ծրագիրը «Լրագրություն»-ն է: Այն ներառում է երեք մասնագիտացում՝ դատաիրավական լրագրություն, միջազգային և քաղաքական լրագրություն, հաղորդակցություն, մեդիա և հասարակություն: Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, համալրում պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:
PR մագիստրոսական ծրագիրն ունի հստակ նպատակ ՝ մատուցել բազմակողմանի, համապարփակ գիտելիքներ ուսանողին` տալով նրան PR-ի մասին խորը, լիարժեք հմտություններ տվյալ մասնագիտությունից: Դարձնել մրցակցային մասնագետ շուկայում:
Ինչպես այլ համալսարաններում, այնպես էլ Մայր բուհում, այլ ֆակուլտետներ ևս ունեն «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» կամ նմանօրինակ այլ մագիստրոսական ծրագիր։ Սակայն, ինչպես վստահեցնում են ծրագիրն ավարտած մասնագետները, այն ունի մի շարք առավելություններ։
Ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ վերջինս տարբերվում է առարկաների ամբողջականությամբ, կրեատիվ մտածողության զարգացմամբ, տեսական և պրակտիկ դասերի ներդաշնակ համակցմամբ, դասավանդման տարբեր ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։
Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է հանրապետությունում գործող լրագրողական կազմակերպությունների, տպագիր, հեռարձակվող և առցանց լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և նրանց մամուլի ծառայությունների հետ: Սերտ է համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի՝ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Կարմիր խաչի հայկական ընկերության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ: Տարեցտարի ընդլայնվում են կապերը արտերկրի առաջատար բուհերի հետ:
Այնպես որ, շտապի՛ր, առաջատար լինելու քո հերթն է․․․