Այս իշխանություններին հեռացնելու համար դիմելու ենք տրամաբանված գործողությունների, իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողությունների և իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:
Նա անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ մեկը չի «պլստալու»: «Եվ մուրճը, և մուրճից առաջ արված բոլո հայտարարություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Ի՞նչ է նշանակում՝ «եթե որոշ անձինք կպլստան քրեական օրենսգրքով նախատեսված որոշ հոդվածից, ապա մենք կգնանք նրա հետևից», սա հանցագործության հատկանիշ պարունակող հայտարարություն է, որտե՞ղ է Դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի գրպանում, բնականաբար, նրա գրպանից դուրս չի գալու: Մուրճն իր հոգեկան վիճակի հերթական արտահայտումն էր և իմանալով, որ չի ընտրվելու՝ ժողովրդին լարում է իրար դեմ»:
Դիտարկմանը, թե Փաշինյանն արդեն հանրությանը հունիսի 21-ին հրավիրում է հանրահավաքի՝ տոնելու իր հաղթանակը, Բաբայանն արձագանքեց, որ պատմության մեջ երբեք չի եղել նման դեպք, երբ հաղթող ուժը այսպիսի իրավիճակում, որի մեջ Հայաստանն է, հանրահավաք կազմակերպի և տոնի իր հաղթանակը: «Սա հստակ է, որ նա ժողովիդին պատրաստում է ամսի 21-ին գնալ և օրինական ճանապարհով ձեռբերված իշխանությունը խլել»:
Բաբայանը նշեց, որ այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանության գալու շանսերը շատ բարձր է գնահատում, որի մասին նաև փաստում են հարցումները: