Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում պետք է չշահարկվի
Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում պետք է չշահարկվի, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան
Շատ ուրախ ենք, որ հայ ռազմագերիները վերադարձել են, բայց Ադրբեջանը շարունակում է պահել գերիներին և նրանց փոխանակման դիմաց տարատեսակ նախապայմաններ դնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը մեզ հետ խոսում է պատանդ պահելով, մեկ անգամ Եվրոպայի խորհրդում էլ եմ ասել, որ դա ահաբեկչական երկրի արարք է, այսինքն`Ադրբեջանը իրեն պահում է որպես ահաբեկիչ, ահաբեկիչներն են պատանդ վերցնում և պատանդ վերցնելով պայմաններ դնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ ռազմագերիների վերադարձի լուծումը միջազգային իրավունքի տիրույթում է և հայկական կողմը լուրջ շեշտադրումներ պետք է կատարի:
«Արևմուտքի երկրների հետ աշխատանքի արդյունքում, եթե սանկցիաներ կիրառվեն, նրանք այլ տարբերակ չեն ունենա, քան գերիներին վերադարձնելը: Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում պետք է չշահարկվի, երևի թե ամեն ինչ կարելի է շահարկել, բայց մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի»,- նշեց նա: