«G7-ի երկրները հակակորոնավիրուսային պատվաստանյութի 2,3 մլրդ դեղաչափ կտրամադրեն զարգացող երկրներին». Մերկել
«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները զարգացող երկրներին 2022 թվականի վերջին կհատկացնեն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ 2,3 միլիարդ դեղաչափ:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է korrespondent.net-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիան նշանակալի ներդրում կունենա գործընթացում և «պատասխանատու կլինի 350 միլիոն դեղաչափի համար»:
Կանցլերը շեշտել է, որ պատվաստանյութերի արտադրությունը պետք է լինի գլոբալ, այսինքն պետք է կազմակերպվի ոչ միայն Եվրոպայում կամ Ասիայում, այլ նաև Աֆրիկայում: Նա նշել է, որ գերմանական Biontech ընկերությունը շատ այլ ընկերությունների նման ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։
«Ես ուրախ եմ, որ Բեռլինում կունենանք ԱՀԿ կենտրոն, որը կզբաղվի համավարակը կանխելու ուղղությամբ», - հավելել է Մերկելը:
Նրա վստահեցմամբ՝ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են «ուժեղացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ապագա համավարակները կանխելու համար»։