Երեք տարվա մեջ լուծելու ենք բանակի սպառազինության, վերակազմակերպման բոլոր խնդիրները. Իշխան Սաղաթելյան
Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, մեր երկրի սահմանները այսօր վտանգի առաջ են, ինքնիշխանությունը հարցականի տակ է դրված, երկրում կա սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամ: Այս մասին այսօր Բերդ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այս ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը և հնարավորությունը այս ճգնաժամի մեղավորին և պատասխանատուին հեռացնելն է հունիսի 20-ին»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց՝ երկրի առջև ծառացած երեք հիմնական խնդիրները՝ անվտանգությունը, տնտեսությունը և ներազգային համերաշխությունը, և հավելեց՝ պատրաստ են իրենց թիմով այդ խնդիրները լուծել:
«Երեք տարվա մեջ լուծելու ենք բանակի սպառազինության, վերակազմակերպման բոլոր խնդիրները և մեր երկրին բերելու ենք կայունություն և արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա:
Ներկայացնելով ծրագրերը՝ Սաղաթելյանը նշեց, որ կանգնելու են գյուղացու կողքին, գյուղացին իր խնդիրների հետ մենակ չի մնալու, վերականգնելու են գյուղատնտեսության նախարարությունը: