Ուտելու ոչինչ չունեն. ՄԱԿ-ը հայտարարել է Եթովպիայի հյուսիսում սովի մասին
ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության ղեկավար Մարք Լոուքոքը հայտարարել է, որ Եթովպիայի հյուսիսային շրջաններում սով է, հայտնում է BBC լրատվականը։
Ուսումնասիրությունների համաձայն՝ պատերազմական իրավիճակում գտնվող Տիգրայից մոտ 1,7 միլիոն մարդու տեղահանումից հետո 350 հազար մարդ Տիգրայում և դրան հարակից Ամհարայում և Աֆարում «ծանր ճգնաժամի» մեջ են։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և մանկական ՅՈՒՆԻՍԵՖ գործակալությունը կոչ են անում շտապ քայլեր ձեռնարկել՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Եթովպիայի կառավարությունը, սակայն, չի ընդունում վերոնշյալ վերլուծությունը և պնդում է, որ մարդասիրական օգնության հասանելիությունն ընդլայնվում է, քանի որ տարածաշրջանում վերականգնվում է կարգը։ Բնակիչները, իրենց հերթին, պնդում են, որ սով է տիրում և ուտելու ոչինչ չունեն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, որը 2019 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել, 2020 թվականի նոյեմբերին կարգադրել է ցամաքային և օդային ռազմական գործողություններ իրականացնել Տիգրայ շրջանում՝ մեղադրելով շրջանում իշխող «Տիգրայի ազատագրման ազգային ճակատ»-ին դաշնային բանակային ուժերի վրա հարձակումների համար։ Նոյեմբերի վերջին վարչապետը հայտնել է հաղթանակի մասին, սակայն Տիգրայում շարունակվող մարտերի հետևանքով արդեն իսկ զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ գրեթե 2 միլիոն մարդ լքել է իր բնակության վայրը։
Հայտնի է, որ 2 ամսվա ընթացքում համապատասխան օգնությունը չապահովելու դեպքում սովի վտանգ կարող է առաջանալ, քանի որ մարտերի ընթացքում տարածաշրջանի բերքի ավելի քան 90 տոկոսն այրվել կամ գողացվել է։