Լոնդոնում երիտասարդը «սատանային է զոհաբերել» 2 քույրերի` վիճակախաղը հաղթելու համար
Լոնդոնում 19-ամյա երիտասարդը սպանել է 2 քույրերի`վիճակախաղը շահելու համար: Ավելի ուշ նրա տանը հայտնաբերվել է ձեռագիր փաստաթուղթ, որը, իբր, պայմանագիր էր բրիտանացու և սատանայի միջև, համաձայն որի՝ տղան պետք է կանանց զոհաբերեր հարստանալու համար: Այս մասին գրում է The Mirror-ը:
19-ամյա Դանիել Հուսեյնը սպանել է բրիտանուհիներին նրանցից մեկի ծննդյան տոնի ժամանակ: Զոհերի մարմինները հայտնաբերվել են սպանության հաջորդ օրը Ուեմբլի այգու մոտակայքում, որտեղ քույրերը նշում էին տոնը: Ըստ դատարանի՝ երիտասարդը զոհերից մեկին դանակով հարվածել է 8, մյուսին`28 անգամ:
«Ամբաստանյալի ննջասենյակում խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է ձեռագիր փաստաթուղթ, իբր համաձայնություն ամբաստանյալի և սատանայի միջև, որով նա խոստանում է զոհաբերել կանանց, որպեսզի շահի վիճակախաղը և չկասկածվի իր կատարած հանցագործության մեջ»,-պատմել է դատախազ Օլիվեր Գլազգոն:
Նա նաև նշել է, որ, ըստ ամենայնի, Հուսեյնը վստահ էր իր ծրագրում, քանի որ սպանությունից անմիջապես առաջ վիճակախաղի տոմսեր էր գնել: Նրանցից 3-ը հայտնաբերվել են «պայմանագրի» մեջ տեղադրված:
«Ինչպես պարզվել է, սատանան գործարքի չի գնացել, քանի որ ամբաստանյալը ոչ միայն չի շահել վիճակախաղը, այլ նաև ոստիկանությունը բացահայտել է բոլոր ապացույցները, որոնք կապում են նրան այս 2 սպանությունների հետ»,-եզրափակել է Գլազգոն:
Ամբաստանյալը հերքում է ամեն ինչ: