Չինաստանում ուսանողները 30 ժամ պատանդ են վերցրել քոլեջի տնօրենին
Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկինի քոլեջի ուսանողները պատանդ են վերցրել տնօրենին՝ կասեցնելու քոլեջի միավորումն ավելի ցածր հեղինակություն ունեցող մեկ այլ քոլեջի հետ, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ուսանողներն այս քայլին են դիմել՝ վախենալով, որ իրենց դիպլոմները կարժեզրկվեն աշխատաշուկայում։
Չինաստանում, որտեղ նման բողոքները հազվադեպ են լինում, ոստիկանությունը, հատուկ միջոցների դիմելով, կասեցրել է ակցիան։
Հայտնի է, որ ուսանողները մոտ 30 ժամ պատանդ են պահել 55-ամյա տնօրենին և հրաժարվել են ցրվել նույնիսկ այն բանից հետո, երբ իշխանությունը հայտարարել է երկու հաստատությունները միավորելու ծրագիրը կասեցնելու մասին։
Ոստիկանության գործողությունների հետևանքով վիրավորվել են բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ, իսկ պատանդ վերցված տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց։
Բողոքի ակցիայի ցրվելուց հետո Ցզյանսու նահանգի 6 քոլեջները հայտարարել են, որ կասեցնում են միավորման ցանկացած ծրագիր, որոնց մասին հայտարարվել էր մարտին։ Այդ քոլեջներում սովորում են չինացի այն ուսանողները, որոնք քննությունների արդյունքում համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ միավորներ չեն հավաքում և այստեղ սովորելով՝ դեռևս կարող են համալսարանի ավարտական որակավորում ստանալ։
Ակնկալվում է, որ այս տարի Չինաստանը ռեկորդային 9 միլիոն համալսարանական շրջանավարտ կունենա։