Չնայած ապտակի հետ կապված միջադեպին՝ Մակրոնը որշել է չչեղարկել երկրի շրջաններով ուղևորությունը
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, չնայած Դրոմ դեպարտամենտում տեղի ունեցած ապտակի հետ կապված միջադեպին, որոշել է չչեղարկել երկրի շրջաններով ուղևորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանրապետության նախագահը կշարունակի իր պլաններին համապատասխան այցելել երկրի շրջաններ»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ Մակրոնը «մտադիր չԷ հրաժարվել երկրի բնակիչների հետ անմիջական շփումից»։
Ընդ որում, կառավարության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպից հետո նախագահի թիկնազորում փոփոխություններ չեն լինի, սակայն ընդգծել է, որ այսուհետ անհրաժետ է «ավելի զգոն լինել»։
Հիշեցնենք, որ Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ էր ստացել մի տղամարդուց։
Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել երկու անձ:
Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում:
Ավելի ուշ Մակրոնը հորդորել էր չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը՝ շեշտելով, որ շարունակելու է հանդիպել ֆրանսիացիների հետ։