«Antinikol» գրությամբ թերթիկներ էինք կպցնում մայթեզրին, որի համար բերման ենթարկեցին. համարյա 30 անգամ ՀՀ ոստիկանությունն ապօրինի խոչընդոտել է մեր գործունեությանը․ Կոնստանտին Տեր-Նակալյան
Մենք որոշել էինք հերթական ակցիան իրականացնել «Antinikol» արշավի շրջանակներում, խնդիր ենք դրել իրազեկել քաղաքացիներին, որ մեր երկրում կա սարսափելի վիրուս՝ նիկոլավիրուս, և որն ունի տարածման գլխավոր օջախներ։ Այս մասին Կենտրոնի ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Tert.am-ի հետ զրույցում երեկ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նշելով, թե այդ գործողության համար բերման են ենթարկվել։
«Կիրակի օրը մենք նույնատիպ ակցիա ենք արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրանական գրասենյակի մոտ, այն ժամանակ ոստիկանական ոչ մի սանկցիայի չենթարկեցինք։ Այսօր նույն ակցիան անում էինք կառավարության շենքի մոտ, որտեղ հանգրվանել է վիրուսի գլխավոր հարուցիչը և շարունակում է պղծել մեր երկիրը։ Մենք «Antinikol» գրությամբ թերթիկներ էինք կպցնում մայթեզրին»,-ասաց նա՝ նշելով, թե թիրախավորված է եղել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
«Սա արդեն 30-ին մոտեցող դեպքն է, որ մեզ ինչ-որ ակցիայի շրջանակներում բերման են ենթարկում, կազմվում է վարչական ակտ, սահմանվում է վարչական տուգանք, մենք բողոքարկում ենք, ու ամեն անգամ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում այդ տուգանքը։ Այսինքն՝ համարյա 30 անգամ ՀՀ ոստիկանությունն անտեղի, անիմաստ ու ապօրինի մեր գործունեությանը խոչընդոտում է»,-ասաց նա՝ ընդգծելով՝ իրենք ոչ մի օրենք չեն խախտել։