«Հայ ազգային կոնգրեսը» հաղթանակի դեպքում չի հրաժարվելու ծանր բարեփոխումներից
«Հայ ազգային կոնգրեսը» խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթելու դեպքում մտադիր է անցում կատարել երկօղակ դատական համակարգի: Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը նշեց՝ բարեփոխումը հնարավորություն կտա թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը:
Լևոն Զուրաբյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԱԿ) - Մենք կունենանք դատական համակարգ, որը ծանր գործերն է քննում, նրանք չեն մտնի մանր գործերի մեջ: Մյուս կողմից կունենանք ոչ ծանր գործեր քննող դատարաններ, որը նաև թույլ է տալիս անփորձ դատավորներին սկսել ոչ ծանր գործերից, կայանալ որպես փորձառու դատավոր:
Քաղաքական ուժի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկն էլ Հայաստանի տնտեսական մեկուսացվածության խնդիրն է: Կուսակցությունն այս հարցի լուծումը տեսնում է Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային և լուսամալուխային միջանցքի կառուցմամբ:
Լևոն Զուրաբյան - Կարծում ենք, որ, այնուամենայնիվ, մեզ պետք է նաև լուծել Հայաստանի տնտեսական այս մեկուսացվածությունից դուրս հանելու խնդիրը, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի ստրատեգիական նշանակությունն աշխարհում:
Կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հանդիպմանը ներկա երիտասարդներին կոչ արեց միանալ իրենց թիմին՝ պետության խնդիրները լուծելու համար:
Արամ Մանուկյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու (ՀԱԿ) - Սա ընտրություն չէ, մեր պետականության հարցն է դրված, Աստված չանի՝ այս ընտրությունները չավարտվեն, Աստված չանի՝ ավարտվեն բախումներով, մենք ընկնելու ենք Էլչիբեյի օրը՝ 90-ականների սկզբին, մենք շանս ենք տալու հակառակորդներին՝ Հայաստանի սահմանները փոքրացնելու համար:
«Հայ ազգային կոնգրեսի» անդամները հանդիպման ընթացքում նշեցին նաև, որ նախընտրական շրջանում չեն խուսափում ճշմարտությունն ասելուց և ընտրվելու դեպքում էլ չեն հրաժարվելու ծանր բարեփոխումներ իրականացնելուց: