Մենք գործ ունենք դեպքերի զարգացման խայտառակ ընթացքի հետ, որը անխուսափելիորեն հանգեցնելու է բախումների․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Անթույլատրելի է կողմերի միջ հավասարության նշան դնել, կա Նիկոլ, որը ագրեսիվ, ոչ եթերային, ոչ հրապարակային, ոչ հանրային խոսք է ասում, որի առանցքը ուղղակի ատելությունն է, ուղղակի բախումներն են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իշխող ուժի քարոզչությանը։
Նա նշեց, որ զարմանում է, թե ինչու է լռում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչու է լռում Գլխավոր դատախազը։ «Մենք գործ ունենք դեպքերի զարգացման խայտառակ ընթացքի հետ, որը անխուսափելիորեն հանգեցնելու է բախումների, քանի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան զբաղված է ատելության խոսքի տարածմամբ»,-ասաց նա։
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ մյուս կողմում՝ ընդդիմադիրների շրջանում որևէ ավելորդ խոսք, հայհոյանք դեռևս չկա։ «Իրավիճակը գնում է ավելի խորը ճգնաժամի ճանապարհով, եթե այսպես շարունակվի, մենք մինչև ընտրություններ կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, որը անգամ ոստիկանական ուժերով վերահսկելի չլինի»,-ասաց նա։
Նա նշեց՝ շրջիկ դիտորդական առաքելություն են իրականացնելու և օպերատիվ կերպով հանրությանը ներկայացնելու են ընտրախախտումների մասին, եթե իհարկե հաջողվի առանց բախումների հասնել ընտրություններին։
Կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանը հայտնեց, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են արձանագրվել, բազմաթիվ ահազանգեր են ստանում, ըստ որի՝ քաղաքացիները՝ դպրոցի տնօրեններ, ուսուիցչներկ, մանկապարտեզի աշխատողներ, ասում են, որ իրենց ստիպում են գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Սամսոնյանը նշեց, որ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին ևս ստիպողաբար տարել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, և հավելեց՝ դիմել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կրկին վարչական ռեսուրսի չարաշահման մասով, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս արձակուրդում չէր, սակայն քարոզարշավով էր զբաղվում։