«Ղրիմը ռուսական է, Ղրիմի բնակչության ավելի քան 95 տոկոսը հանրաքվեի միջոցով հայտնել է իր ցանկությունը, ազգի կամքն աներեր է».Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին (տեսանյութ)
Ինչպես արդեն նշել էինք, Արթուր Վանեցյանը Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում ծավալուն հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին և Ղրիմի պատկանելիության թեմային:
Սոլովյովի այն հարցին, թե ում է պատկանում Ղրիմը, Վանեցյանն արձագանքել է՝ «Ղրիմը մերն է»: Ի պատասխան՝ Սոլովյովը ճշգրտող հարց է տվել՝ Հայաստանի՞նը, թե՞ Ռուսաստանինը, ինչին Վանեցյանը ծիծաղով արձագանքել է՝ «Վստահաբար ձերը»:
«Իսկ եթե անկեղծ, Ղրիմը ռուսական է: Ղրիմի բնակչությունը՝ ավելի քան 95 տոկոսը, հանրաքվեի միջոցով հայտնել է իր ցանկությունը ՌԴ-ին միանալու առնչությամբ, և ազգի կամքն աներեր է: Այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Եվ ես, այո՛, համոզված եմ, որ Ղրիմը ռուսական է, բայց եկեք զուգահեռ տանենք: Դեռ 1900-ականներին Ղարաբաղի բնակիչները հանրաքվե էին անցկացրել, բայց, դժբախտաբար, Արցախի բնակչության ինքնորոշման կամքը չէին սատարել: Դրան աջակցել էին Ռուսաստանը և մի քանի երկրներ, բայց վերջին ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ այն 3 սկզբունքները (ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չգործադրում), որոնք ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում էին, խախտվել էին»,- մանրամասնել է Վանեցյանը: