Անտոնիո Գուտերեշը կարող է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մնալ ևս մեկ ժամկետ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որով Գլխավոր վեհաժողովին առաջարկում է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ ժամկետով թողնել Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին հայտնել է Անվտանգության խորհրդի գործող նախագահ, Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը, հաղորդում է wbtv.un.org-ը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին առաջարկել է գլխավոր քարտուղարի պաշտոնում ևս մեկ ժամկետով թողնել Անտոնիո Գուտերեշին՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը», - ասել է Յուրգենսոնը և հավելել, որ Գլխավոր վեհաժողովի քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա հունիսի 18-ին։
Նշենք, որ միևնույն անձը կարող է գլխավորել ՄԱԿ-ն անսահմանափակ, սակայն մինչ այժմ ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել տասը տարուց ավելի: