ԵԱՀԿ գործող նախագահը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագրից դուրս գալու որոշում է կայացրել: Այդ մասին Լինդեն գրառում է կատարել թվիթերի իր էջում:
«Ցավում եմ, որ Ռուսաստանը հայտարարել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի դուրս գալու մտադրության մասին: Պայմանագիրը կարևոր դեր ունի Եվրոպայում անվտանգության և վստահության ամրապնդման գործում: Շվեդիան շարունակում է կոչ անել լիարժեք հետևել պայմանագրի դրույթներին և լայն ներգրավվածություն ապահովել դրա շրջանակում»,- գրել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Հունիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի դենոնսացիայի մասին օրենք (Պետության կողմից որևէ գործողություն դադարեցնելու կամ համաձայնագրից հրաժարվելու հայտարարություն):
«Միացյալ Նահանգները շինծու պատրվակով դուրս է եկել պայմանագրից, ինչը զգալիորեն խաթարել է պայմանագրի մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը: Այսպիսով՝ լուրջ վնաս է հասցվել պայմանագրի համապատասխանությանը և դրա նշանակությանը վստահության և թափանցիկության ամրապնդման գործում և սպառնալիք է առաջացրել Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության համար: Այս հանգամանքների կապակցությամբ որոշում է կայացվել ՌԴ-ի՝ պայմանագրից դուրս գալու մասին»,- ասվում է օրենքի տեքստում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ չեղյալ հայտարարելու մասին օրենքը նախագահին է ուղարկվել Դաշնային խորհրդից: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հերքել էր այն կարծիքը, թե Ռուսաստանի՝ պայմանագրից դուրս գալը կարող է սրել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերություններն այդ երկրների նախագահների Ժնևյան գագաթնաժողովին ընդառաջ:
Ամիսներ առաջ Միացյալ Նահանգները հայտարարել էր Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին՝ պնդելով, որ պատճառը Ռուսաստանի կողմից համաձայնագրի մի շարք դրույթներ խախտելն է: