Այսօր գերի ընկած հայ զինծառայողը վերադարձվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմում հայտնված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քաթանյանն արդեն հանձնվել է Հայաստանին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Լրացուցիչ քննությունների արդյունքում պարզվել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանում 2021 թ. հունիսի 8-ին ձերբակալված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քաթանյանը սադրանքի համար չի մտել Ադրբեջանի տարածք: Պարզվել է, որ նա կորցրել է իր ճանապարհը և հատել Ադրբեջանի սահմանը», – ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։