Աշխարհի ամենահարուստ մարդու հետ տիեզերք թռչելու հնարավորության համար աճուրդում առաջարկվել է ավելի քան 3 մլն դոլար
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը, որը հուլիսի 20-ին պատրաստվում է եղբոր՝ Մարկ Բեզոսի հետ տիեզերք թռչել իր Blue Origin ընկերությանը պատկանող New Shephard տիեզերանավով, բացառիկ ուղևորությանն իր հետ կվերցնի ևս մի հաջողակի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տիեզերանավում առկա մեկ ազատ տեղի համար մեկնարկած աճուրդում երկուշաբթի առաջարկվել է ամենաբարձր գինը՝ 3,2 մլն դոլար: Մինչդեռ մայիսի վերջին ամենաբարձր առաջարկը 2,8 մլն դոլար էր:
Երկու դեպքում էլ գինն առաջարկողների ինքնությունը հայտնի չէ: Աճուրդը կավարտվի հունիսի 12-ին: Պարբերականի տվյալներով՝ աճուրդին մասնակցում է 5200 մարդ՝ 136 երկրից:
Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Ջեֆ և Մարկ Բեզոսները տիեզերք կթռչեն աճուրդի հաղթողի հետ։ Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, վերջինը՝ ապրիլի կեսերին։