Իսպանիայում ութ ուսուցչի սխալմամբ ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վեց դեղաչափ
Իսպանիայի դպրոցներից մեկի ութ ուսուցիչ սխալմամբ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վեց դեղաչափ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EFE-ն:
Դրա տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Հելվես բնակավայրում (Անդալուսիայի ինքնավար համայնք): Ուսուցիչները պատվաստվել էին ուրբաթ օրը Pfizer ամերիկյան ընկերության եւ դրա գերմանացի գործընկեր BioNTech-ի արտադրած դեղամիջոցներով: Պատվաստանյութի մեկ դեղաչափի փոխարեն նրանց սխալմամբ տրվել էր վեցը: Չնայած դրան` ուսուցիչների մոտ ոչ մի լուրջ խնդիր չի առաջացել, երկուշաբթի նրանք բոլորը կարողացել են գնալ աշխատանքի:
Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման ավելի քան 3.6 միլիոն դեպք, ավելի քան 80 հազար հիվանդ մահացել է: Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարությունը երկրում բարձր զգոնության ռեժիմ էր մտցրեց, որն ավարտվեց այս տարվա մայիսի 9-ին:
2020 թվականի դեկտեմբերի 27-ին երկրում սկսվեց պատվաստումների արշավը: Այժմ թագավորությունում ավելի քան 10 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի երկու դեղաչափ: