2018-ին դատաբժշկական կենտրոնում եղել է կիսախարխուլ 25 սառնարանային տեղ, Ապրիլյան պատերազմի զոհերին որտե՞ղ էիք պահում, 2018-ից հետո է կենտրոնական դատաբժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել. Փաշինյան
Աբովյանի դատաբժշկական կենտրոնի տեսարանները բոլորիս բորբոքեցին, բայց ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք. 2018-ին ՀՀ դատաբժշկական կենտրոնում եղել է կիսախարխուլ 25 սառնարանային տեղ ու դիահերձարան: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի դատաբժշկական կենտրոնում արված տեսանյութերին, որտեղ հայրենիքի պաշտպանության համար յոթ ամիս առաջ զոհված զինվորների դիերը, մասունքները պարկի մեջ գցած էին հատակին:
«Ընդամենը 25 կիսախարխուլ սառնարանային տեղ ու դիահերձարան, սա այն տեղերն է, որ պատերազմի մարտական միջադեպերի հետ կապված բոլոր զոհերը պետք է բերվեն այդտեղ, առանց բացառության: 2018-ին եղել է 25 տեղ, որոնց մի մասը չի աշխատել, 2018-ից հետո կենտրոնական դատաբժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է: Ես չեմ ուզում, բայց ստիպված եմ անդրադառնալ այս թեմային: 2018-ի դրությամբ ԴՆԹ սեկվենատոր չի եղել, 2018-ին է Կառավարությունը ձեռք բերել, որով 2020-ին նույնականացում է իրականացվել: Սա ուզում էի չասել, բայց, ոմանց կոկորդիլոսի արցունքները տեսնելով, ասում եմ»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե արդյոք որևէ մեկը հարց տվել է, թե 2016-ի Ապրիլյան պատերազմի զոհերը որտեղ են պահվել, Հայաստանում տեխնիկական հնարավորություն չի եղել. «Այդ ժամանակվա կառավարության ներկայացուցիչները, այսօր ուշագնացության տեսարաններ են ցույց տալիս, որտեղ եք պահել այդ դիերը և որտեղ եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հարկային փոփոխություններին, սպառազինությանը: ՔՊ ծրագրի ներկայացման միջոցառմանը կհաջորդի դրամահավաք:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն դրամահավաքից ստացել էր ավելի քան 200 մլն դրամ: