Ավելացել է երկրից մեկնող եւ չվերադարձողների թիվը․ այս վիճակը փոխելու հնարավորությունը իշխանափոխությունն է. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել են Սեւանի թիմակիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող եւ չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։ Նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։ Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ։ «Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչու՞ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ եւ իր վրա զգում է վտանգը, որովհետեւ թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։ Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, ասաց․ «Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որեւէ թեմա չունենք»։
Վահե Հակոբյանն, իր հերթին, ընգծել է, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից եւ հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը։