Տոկիոն բողոք է ներկայացնել ՌԴ-ին ճապոնական ձկնորսական նավի կալանքի առնչությամբ
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Օխոտի ծովում ձկնորսական նավի կալանքի առնչությամբ և անընդունելի է համարել նման միջադեպը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսական կողմը պնդում է, որ ճապոնական նավը ձկնորսություն է իրականացրել Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտում: Ճապոնական կողմը պնդում է, որ ձկնորսությունն իրականացվել է ճապոնական բացառիկ տնտեսական գոտում: Կարծում ենք, որ ռուսական կողմի գործողություններն անընդունելի են, ինչի կապակցությամբ Մոսկվայում, Յուժնո-Սախալինսկում և Տոկիոյում դիվանագիտական ուղիներով բողոք է ներկայացվել»,- ասել է ճապոնացի պաշտոնյան:
Նա հավելել է, որ Ճապոնիան պահանջում է անհապաղ ազատ արձակել ճապոնական նավն ու դրանում գտնվող ձկնորսներին:
«Հաստատվել է՝ նավի անձնակազմն առողջական խնդիրներ չունի: Նրանք նաև ապահովված են խմելու ջրով և սնունդով», - շեշտել է Կատոն:
Հիշեցնենք՝ մայիսի վերջին ռուս սահմանապահներն ապօրինի ձկնորսության համար կալանել էին Ճապոնիայի դրոշը ծածանող Eihomaru No.172 ձկնորսական նավը: Սախալինի շրջանի սահմանային վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նավի անձնակազմը չի կատարել կանգ առնելու պահանջը և փորձել է թաքնվել:
Սահմանապահների տվյալների համաձայն՝ հետապնդման ընթացքում նավը վտանգավոր մանևրներ է իրականացրել և ստեղծել պարեկային նավի հետ բախման վտանգ: Խախտումները կանխելու համար սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել, որից հետո նավը շեղվել է ընթացքից:
Փորձաքննության տվյալներով՝ նավի վրա հայտնաբերվել է կենդանի ծովախեցգետին, խաշած-սառեցված խեցգետնային արտադրանք, ինչպես նաև ձկնորսական սարքավորումներ: Նավը կալանքի տակ է առնվել և տեղափոխվել Կորսակովի նավահանգիստ (Սախալին)՝ հետաքննություն անցկացնելու համար: