Ընտրությունները պետք է անցկացվեն առանց այս դահիճի, նա չպետք է կարողանա նայել մարդկանց աչքերին, նրան պետք է մերժեն բոլորը՝ այդ թվում իր թիմակիցներն ու պետական պաշտոնյաները․ Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է Արցախում զոհվածների մասունքների պահման պայմաններին և այդ կապակցությամբ բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարարի հայտարարությանը, որում վերջինս ներողություն է խնդրում բացթողման համարը։ Գրառումը կարդացեք ստորև։
«Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է եղել ծնողներին։ Նրանք գիտեին, որ իրենց զավակի դին, մասունքը նկուղում է և չէ՞ին տանում հողին հանձնելու։
Ակնհայտ է, որ փորձ արվում ամբողջ մեղքը բարդել Առողջապահության նախարարության և նախարարի վրա։ Բայց նախարարն ընդամենը գերագույն գլխավոր ստախոսի գործիքն է։ Այս անմարդկային քայլի պատասխանատուն և մեղավորը իրեն վարչապետ համարողն է։ Նրա ցուցումով մասունքները ծնողներին չէին հանձնվում, անթաղ են պահվում, իսկ ինքն այդ ընթացքում մարզերում զինվորի գերեզմանին ծնկի գալու շոու էր բեմադրում։ Իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդները դահիճը իբր ծնկի էր իջնում, ֆոտոսեսիա անում նախընտրական քարոզարշավի համար, իսկ այդ ընթացքում զոհված երիտասարդների ընկերների մասունքները տոպրակներով մնում էին անմարդկային պայմաններում։
Բարոյականության բոլոր սահմաններն անցած այս անձը իրավունք չունի երևալ հանրության առջև։ Ընտրությունները պետք է անցկացվեն առանց այս դահիճի։ Նա չպետք է կարողանա նայել մարդկանց աչքերին։ Նրան պետք է մերժեն բոլորը՝ այդ թվում իր թիմակիցներն ու պետական պաշտոնյաները։ Ընտրությունները պետք է լինեն կոնսենսուս մինուս 1-ով։ Իսկ նրանք, ովքեր կմնան Փաշինյանի կողքին, նրա հետ հավասար կկիսեն մեղավորությունը՝ մեր անթաղ հերոսների ու նրանց ընտանիքների առջև։ Որոշումը ձերն է՝ կա՛մ մնում եք մարդ, կա՛մ դառնում դահիճի հանցակից»։