Ես գիտեմ`նույնիսկ ամենածանր պահերին իմացել եք, որ այսօր ՀՀ-ում կա մի կառավարություն, որը չի գնա սեփական երկրի շահերի դեմ․ ես չեմ էլ կասկածում, որ մենք ենք ընտրվելու․ Նիկոլ Փաշինյանը՝ համակիրներին
Ես գիտեմ, որ նույնիսկ ամենածանր պահերին դուք ներսում իմացել եք, որ այսօր ՀՀ-ում կա մի կառավարություն, որը չի գնա սեփական երկրի շահերի դեմ։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեկ-մեկ որ քննարկում ենք, ասում ենք՝ մարդ պիտի բախտ ունենա․ պիտի հենց այս ժամանակաշրջանում, հենց այս աշխարհաքաղաքական պայմաններում, հենց այս միջավայրում ստանձնել ՀՀ կառավարման ղեկը։ Իրականությունն այն է, որ մենք իշխանություն ստացել ենք այն եզրագծին, որտեղ ամեն ինչ արդեն սկսվել էր, և թափանիվը պտտվում էր»,-ասաց նա։
Նա ընդգծեց՝ իրենք ընտրություն կեղծելու բարոյական ռեսուրս չունեն․ «Այս իշխանության բարոյականության մեջ ընտրություն կեղծելը չի մտնում, և այս իշխանությունը ընտրություն կեղծելու կարիք չունի։ Մեզ ասում են՝ կառչած եք աթոռներին․ մե՞նք չենք նախաձեռնել այս արտահերթ ընտրությունները։ Հեղափոխությու՞ն էիք անելու, անեիք․ 7 ամիս ձեր դեմ արգելք չի եղել»,-ասաց նա։
Քաղաքացու արձագանքին՝ իրենք են ընտրվելու, Փաշինյանը պատասխանեց․ «Ես էլ եմ կարծում՝ մենք ենք ընտրվելու, ես չեմ էլ կասկածում, որ մենք ենք ընտրվելու, բայց մենք ընտրությունները չենք կեղծում ոչ թե նրա համար, որ գիտենք՝ մենք ենք ընտրվելու, այլ մենք էլ չընտրվենք, չենք կեղծելու»։
Ըստ Փաշինյանի՝ իրենց անընդհատ փորձում են ներկայացնել դավադիր, սակայն այդպես չէ․ «Ժողովուրդ ջան, մենք ոչ մեկի հետ ոչ մի գաղտնի բան չենք պայմանավորվել։ Մենք ինչ արել ենք, հրապարակային ենք արել, նույնիսկ սխալն ենք հրապարակային անում»,-ասաց նա։