Հռոմի պապը համբուրել է ֆաշիստների կողմից կտտանքների ենթարկված կնոջ` «մահվան ճամբարում» արված դաջվածքը (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը համբուրել է (Աուշվից) «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում կտտանքների ենթարկված կնոջ թևին դաջված համարը, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ 70072-ը եղել է «մահվան ճամբարում» նրա համարը:
Պարբերականը մանրամասնում է, որ կինը` Լիդիա Մակսիմովիչը, ծանր կտտանքների է ենթարկվել ճամբարում նացիստական բժիշկ Յոզեֆ Մենգելի բժշկական փորձերի ժամանակ:
80-ամյա Մակսիմովիչն իր տխուր պատմությունը պատմել է Վատիկանի Սան Դամասո բակում հավաքվածներին: Այնուհետև նա ծալել է շապիկի թևքը` ցույց տալու ճամբարում արված դաջվածքը. այդ պահին Հռոմի պապը թեքվել է առաջ ու համբուրել այն, այնուհետև` ողջագուրվել կնոջ հետ:
Մակսիմովիչն ասել է, որ պոնտիֆիկոսի հետ չի խոսել:
«Մենք իրար հասկացանք մեկ հայացքից»,-ասել է կինը, որի խոսքով` ինքը մինչև հիմա զգում է բժշկի պատճառած ցավը: