Երեկ իմ գործընկերներից Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ինձ և, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին. Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում
Երեկ իմ գործընկերներից Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ինձ և, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին։ Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոսել է անկախ պատգամավորների հեղինակած մի նախագծի մասին՝ նշելով, թե օգնել է նախագծում խմբագրական աշխատանքներ է կատարել։ «Այն նախագիծը, որի մասին խոսում է Վլադիմիր Վարդանյանը, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին է՝ գերիներին չվերադարձնելու հարցով։ Ես ենթադրում էի, որ նախագիծը պետք է աներ իշխող խմբակցությունը, բայց չի արել, անկախ պատգամավորներով ենք ներկայացրել»,-ասաց նա՝ անընդունելի համարելով խմբագրական աշխատանքը «երեսով տալը»։
«Ներողություն, Դուք որևէ մեկի նկատմամբ մեծահոգություն չեք ցուցաբերում, ընդամենը կատարում եք Ձեր պարտականությունները, որի համար վճարվում եք։ Ես էլ՝ որպես հարկատու, Ձեզ վճարում եմ դրա համար, և պարտավոր եք կատարել այն աշխատանքը, ինչի համար կոչված եք ԱԺ-ում։ Նույն Վլադիմիր Վարդանյանն ուզում էր դառնալ այդ նախագծի համահեղինակ, ինչին մենք դեմ ենք եղել։ Եթե անցնում է գծեր, թող մտածի, որ ասելու շատ բան կա»,-ասաց նա, ապա հավելեց․
«Եթե Վարդանյանն այդ նախագծի վրա աշխատանքը մատուցում է որպես բարեգթություն մեզ համար, ապա կարող էր ասել՝ վճարովի ծառայություն է, մենք էլ կմտածեինք՝ այդ ծառայությունից օգտվու՞մ ենք, թե՞ ոչ։ Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ուղեկցել սահման, իմ ծննդավայր, եկեք, ադրբեջանցիների հետ Ձեր ագրեսիան ցուցաբերեք»,-եզրափակեց Թագուհի Թովմասյանը։