Կանադայի զինված ուժերի ռմբակոծիչ-օդաչու Չելսի Քոգսվելը մեղադրվում է թմրանյութեր եւ թունավոր նյութեր տարածելու մեջ
Կանադայի զինված ուժերի ռմբակոծիչ-օդաչու Չելսի Քոգսվելը մեղադրվում է թմրանյութեր եւ թունավոր նյութեր տարածելու մեջ, քանի որ մարտական հրաձգության վարժանքների ժամանակ հրետանային զորամասին կանեփով կեքսեր է հրամցրել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով CTV News-ին:
Զինծառայողին 18 մեղադրանք է առաջադրվել, ներառյալ թունավոր նյութ օգտագործելու ութ կետ, կարգի եւ կարգապահության խախտման ինը կետ եւ անպարկեշտ վարվելակերպի մեկ կետ: Հրետանային ստորաբաժանման զինծառայողները ոչինչ չեն կասկածել ճաշարանում հերթապահող Քոգսվելի հյուրասիրած կեքսերի հոգեմետ բաղադրության մասին:
Դատարանի փաստաթղթերում ասվում է հանկարծակի պարանոյայի, հոգնածության, ջրազրկման եւ խառնաշփոթի մասին այն զինվորների շրջանում, ովքեր օգտվել են հյուրասիրությունից: «Տուժած մի քանի զինվորներ չեն կարողացել պատշաճ կերպով անցնել զենքի եւ պայթուցիկ նյութերի անվտանգ մշակման վարժանքները»,- ասված է դատարանի արձանագրության մեջ:
Քոգսվելը կանոնավոր զորքերում ծառայել է 2011-ի հունիսից եւ մինչ օրս զինծառայող է, ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Սա առաջին դեպքն է, երբ կանադացի զինվորականը մեղադրվում է նման արարքի համար: Նախատեսվում է, որ ռազմական տրիբունալը կսկսվի օգոստոսին՝ Նյու Բրունսվիկում: