Լսում եմ նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթն ԱԺ-ում և մտածում եմ՝ տեսնես այս ելույթը լսող մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ խորամանկությունների է դիմում ելույթ ունեցողը
Hraparak-ը գրում է.
Լսում եմ նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթն ԱԺ-ում և մտածում եմ՝ տեսնես այս ելույթը լսող մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ խորամանկությունների է դիմում ելույթ ունեցողը՝ իր խոսքի հանդեպ վստահություն ներշնչելու, իր արարքներն արդարացնելու համար։
Զգո՞ւմ են, թե ինչքան հակասություն կա նրա խոսքի մեջ, եւ ինչքա՜ն հակափաստարկ կարելի է բերել յուրաքանչյուր արտաբերած մտքին։ Օրինակ, հասկանո՞ւմ են, որ օգտագործելով իր ողջ հռետորական ձիրքը՝ ինչպես է փորձում հայ հանրությանը սարսափեցնել նոր պատերազմի վտանգով եւ այդ պատերազմի հեռանկարը փաթաթել ընդդիմության վզին, այն դեպքում, որ հենց իր վերարտադրությունն է խիստ մեծացնում պատերազմի հավանականությունը։ Միաժամանակ ընդդիմությանը սադրում է, ասելով՝ դե, հայտարարեք, որ հրաժարվելու եք նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Հասկանալի է, որ ճաշը եփել է եւ հիմա փորձում է դրանից երկակի օգուտ քաղել՝ դաշնակիցներին ներշնչել, որ միայն ինքն է այդ համաձայնության երաշխավորը։
Պատերազմից սարսափած հանրությանը համոզում է, թե ընդդիմությունը պատրաստվում է նոր պատերազմի մեջ ներքաշել երկիրը, իսկ ամոթալի համաձայնությունից վրդովված հայրենասերներին՝ որ ձեր ընդդիմությունը չի էլ պատրաստվում հրաժարվել այդ փաստաթղթից։ Եվ ինչքա՜ն հմտորեն է շրջում խոսակցությունը՝ գաղտնի բանակցություններից անցնելով գաղտնի բանակցությունների հրապարակման թեմային եւ նախահարձակ լինելով։ Է՛լ սեւացրած տողերով փաստաթուղթ, որն Ադրբեջանից է ստացվել, է՛լ աշխատանքային քննարկումներ, որոնց բովանդակությունը հրապարակելն ամոթ է, է՛լ Հայաստանի շահերից բխող բանակցություններ, որի արդյունքում Արծվաշենն են վերադարձնելու մեզ։ Պապս նման դեպքերում ասում էր՝ «թու, աննամուս, դու սկի ամոթ չունե՞ս»։
Արմինե Օհանյան