Ո՞վ և ի՞նչու է ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ
Պատվաստանյութերի մասին կեղծ լուրերի մեծ մասը տարածվում է մարդկանց նույն խմբի կողմից, որոնց թվում են պատվաստումներին դեմ արտահայտված հայտնի դեմքերը: Այս մասին հայտնում են թվային ատելության դեմ պայքարի ՀԿ-ի (CCDH) եւ Anti-Vax Watch կազմակերպության փորձագետները, փոխանցում է Science Alert-ը:
Պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող ակտիվիստներից ոմանք արգելափակված են սոցիալական ցանցերում, սակայն մյուսները դեռ շարունակում են իրենց գործունեությունը:
Մասնագետները վերլուծել են 2021 թվականի փետրվարի 1-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում արված ֆեյսբուքայն եւ թվիթերյան 812.000 հաղորդագրությունները եւ նկատել են, որ 13 մարդ, ովքեր իրենց հասարակական կազմակերպություններն են հիմնել, պատվաստանյութերի վարկաբեկմանը միտված քարոզչության 65 տոկոսի աղբյուրն են: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ բժշկական կրթություն չունեն, սակայն ունեն միջոցներ ու ռեսուրսներ՝ պատվաստանյութերի մասին ստեր տարածելու եւ մարդկանց վախեցնելու համար:
Պատվաստանյութերի դեմ հանդես եկող ակտիվիստներն ընդհանուր լսարան ունեն՝ ավելի քան 95 միլիոն հետեւորդով: Խմբի անդամներ են օստեոպաթներ Ջոզեֆ Մերկոլը եւ Ռաշիդ Բութարը, փաստաբան եւ ռադիոհաղորդավար Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, նախկին բոդիբիլդեր Թայ Բոլինջերը եւ նրա կին Շառլինը, օստեոպատիկ Շերի Թենփենին, «Իսլամի ազգ»-ի ակտիվիստ Ռիցու Իսլամը, բյութի բլոգեր Էրին Էլիզաբեթը, այլընտրանքային բժշկության կողմնակիցներ Սեյեր Ջին, Քելի Բրոգանը եւ Քրիստիան Նորթրոփը, Քելի Բրոգանը եւ Քրիստիան Նորթրոփը, խիրոպրակտիկ Բեն Թափերը եւ ակտիվիստ Քեվին Ջենքինսը, ով հայտնի է իր պնդումներով, որ պատվաստանյութերն անհրաժեշտ են «սեւամորթներին սպանելու համար»:
Այդ մարդկանց ազդեցությունը տատանվում է՝ կախված սոցիալական պլատֆորմից. Twitter-ում դրանք պատվաստանյութերի վտանգի մասին թվիթերի 17 տոկոսն են կազմում, իսկ Facebook-ում՝ քոնթենթի 73 տոկոսը:
Հետազոտողների խոսքով՝ սոցիալական ցանցերի սեփականատերերը պետք է միջոցներ ձեռնարկեն ապատեղեկատվության տարածումը կանխելու համար, քանի որ դա, ի վերջո, հազարավոր մարդկանց մահվան է հանգեցնում, ովքեր չեն պատվաստվում եւ վարակվում են վտանգավոր հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակով: