Համայնքապետերին բանակցությունների արդյունքների մասին չեն տեղեկացրել. Ավետյանն ասում է, որ տեղյակ չեն, թե ադրբեջանցիները որքան պետք է հետ գնան
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեղյակ չէ՝ արդեն մի քանի օր ընթացող բանակցությունների արդյունքում ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և թե որքա՞ն պետք է ադրբեջանական զինվորները հետ գնան։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Հակոբ Ավետյանն ասաց, որ անձամբ բանակցություններին չի մասնակցել, հետևաբար մանրամասներից տեղյակ չէ, սակայն իր տեղեկություններով բանակցությունները դրական արդյունք են տվել և այսօրվա ընթացքում ադրբեջանցիները պետք է հետ գնան, սակայն համայնքապետը տեղյակ չէ՝ որքան են հետ գնալու։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ Կութ գյուղում իրավիճակն այս պահի դրությամբ նորմալ է։
«Բնակիչների մոտ, իհարկե, անհանգստություն կա, բայց խուճապ չկա։ Ամենակարևորը ժողովուրդը պատրաստ է, կամքի ուժ ունի դիմադրելու։ Խուճապ չի առաջացել, որ փախչեն։ Աստված չանի, եթե ավելի վատ տեմպեր շարունակվի, բնական է՝ ժողովրդի մոտ կարող է արդեն խուճապը մեծանա»,-նշեց համայնքապետ։
Դիտարկմանը, որ գյուղի դպրոցն ադրբեջանցիների նշանառության տակ է հայտնվել, այս ընթացքում երեխաները շարունակե՞լ են դպրոց հաճախել, Հակոբ Ավետյանն ասաց, որ թեև նրանց նշանառության տակ է գտնվում, բայց երեխաները դպրոց գնում են. «Փոխհրաձգություն չկա, ուղղակի եկել դիրքավորվել, կանգնել են այնտեղ»։