Նախագահը չի իրականացրել սահմանադրական վերահսկողություն, արդյունքում ունենք հակասահմանադրական փոփոխություններ, որոնք այս պահին մեզ վրա ազդեցությունն ունեն. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Մենք ունեցել ենք մեկ ազդակ, որ դատական իշխանությունը վտանգված է, և հասարակությունը լրջությամբ չի գիտակցել, այդ քայլի գիտակցումը՝ խոսքը դատարանների դռները արգելափակելու մասին է, երբ համաժողովրդական տրամադրություններն օգտագործվեցին, ոչ թե դրական բարեփոխումներ իրականացնելու, այլ դատական իշխանությանը ենթարկեցնելու համար. այս մասին երեկ՝ մայիսի 16-ին, «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ օգտագործվեց վարչական ռեսուրս, անձանց հեղինակությունը և նաև իրավապահ համակարգը ձախողվեց, քանի որ հանցագործության հատկանիշներ պարունակող այդ արարքներին որևէ գնահատական չտրվեց, և դատական իշխանությունը գիտակցեց, որ խոցելի է քաղաքական իշխանության հետ հարաբերություններում:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ այդ ամենին հաջորդեց Սահմանադրական դատարանի լայնամասշտաբ, բազմափուլ օպերացիան, երբ ռեֆորմներն սկսեցին կենսաթոշակային տարիքից, սակայն վերջնարդյունքում տրվեց մի հանգուցալուծում, երբ ընդամենը պառլամենտի կողմից իրականացվեցին ՍԴ փոփոխություններ և փոփոխվեց անփոփոխելի հոդված, փոփոխվեց դատական իշխանությանը վերաբերող հոդված, որը բացառապես կարող էր փոփոխվել հանրաքվեի միջոցով։
«Փոփոխությունների արդյունքում երկու ինստիտուտներ անտեսվեցին, առաջինը՝ Սահմանադրական դատարանն էր, և նախագահի ինստիտուտը, և տեղի ունեցավ լիազորությունների զիջում, որը գործարքի արդյունք էր և նախագահը չիրականացրեց սահմանադրական վերահսկողություն և արդյունքում ունեցանք հակասահմանադրական փոփոխություններ, որոնք փաստացի ունեն արժեք և այս պահին մեզ վրա ազդեցությունն ունեն»,– ասաց նա:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ մյուս կարևոր օպերացիան Բարձրագույն դատական խորհրդի օպերացիան էր: Նա նշեց, որ օրենքով սահմանված է, որ ԲԴխ-ում պետք է լինեն դատական ներկայացուցիչներ, 5 դատավորներ, և 5 իրավաբան-գիտնականներ և իրավաբան- գիտնականները նշանակվում են Խորհրդարանում, ինչը նշանակում է, որ կարող է ունենալ քաղաքականացված որոշ տարրեր:
Նրա խոսքով՝ արդյունքում նախկին պառլամենտի կողմից ընտրված անդամները կասկածելի հանգամանքներում հրաժարական տվեցին և շարժառիթների վերաբերյալ տեղեկություն չտրվեց, և արդյունքում, ըստ նրա, ունեցանք մի իրողություն, որ բոլոր 5 իրավաբան-գիտնականներն ընտրվել են իշխող քաղաքական ուժի կողմից.
«Իշխող քաղաքական ուժը ընտրության փուլում չի ապահովվել մրցակցայնություն՝ առաջադրողը եղել է քաղաքական ուժը, ընտրողը եղել է խորհրդարանը, որն արտացոլել է մեկ քաղաքական ուժի կամքը, և կասկածից վեր է, որ ընտրվող թեկնածուները գտնվում են իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո: Եթե փորձենք գնահատել, թե ովքեր առաջադրվեցին և ինչպիսի հեղինակության և ճանաչման տեր անձնավորություններ էին և քանի ձայն կարողացան ստանալ՝ հետևությունը մեկն է, որ երբևիցե նշանակալի գործունեությամբ կամ բարձր հատկանիշներով առանձնացված չեն եղել և նրանց առաջադրման և ընտրման միակ հատկանիշը կոնկրետ քաղաքական ուժին ծառայելու պատրաստակամությունն է: Ինձ համար խիստ անընդունելի է, որ միջազգային դատական ատյանի վերջնական ակտով խոշտանգման մեջ մեղադրվող անձը կարող է այսպիսի կարևոր ինստիտուտում պաշտոն զբաղեցնել»: