Պետություն կորցնելու խնդրի առաջ ենք, թուրքը հասել է Սյունիք, բայց մենք հելել ենք ու իրար ենք քննադատում. Սասուն Միքայելյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նիստի ընթացքում նշեց՝ պետք է չէ ՌԴ-ին քննադատել և մեղադրել:
«Ես անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչի ենք հավաքվել այստեղ: Հա հասկացա՝ կարող ենք դիմել միջազգային հանրությանը, ոտնձգություններ են ՀՀ պետական սահմանին և նման որոշակի բաներ: Ես ուզում եմ ասել՝ կուրծք են ծեծում Ամերիկայի, Եվրոպայի համար, բայց ես մի բան կասեմ՝ ես հայամետ եմ, իսկ պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար է եղել, և եթե այդ պետություններից մեկը ցանկանար, որ պատերազմը կանգնի, ապա այն կկանգներ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նա նշեց՝ պետությանը այսօր անհրաժեշտ է ներքին կայունություն և համախմբվածությունը:
«Մենք այսօր ասում ենք՝ թուրքը եկել հասել է Սյունիք, բայց հելել ենք ու իրար ենք քննադատում: 44 օրյա պատերազմում, մեզ որոշակի չափով օգնել է Ռուսաստանը և այսօր մենք մեր դիրքից ելնելով ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք»,- նշեց ԵԿՄ նախագահը:
Նա նաև անդրադարձավ դիրքերի կահավորմանը և նշեց՝ ձնհալ է եղել և թշնամին եկել ու նստել է:
«Ես քաջատեղյակ եմ՝ ինչ է եղել սահմաններում: Դիրքերում ձնհալ է եղել, այսօր ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծվել և եկել են ու նստել, իսկ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չի ընթացել, ընդամենը եկել են ու նստել: Հիմա մենք պետք է խելոք լինենք և եռակողմ հանձնաժողով ստեղծվի»,- ասաց Միքայելյանը:
«Ես բացահայտ ասեմ եմ՝ Սյունիքում պրոբլեմ ունենք։ Կա խնդիր այսօր։ Թե ընդդիմության, թե իշխանության հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ։ Մենք պիտի այսօր խելոք լինենք, համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք, տեսնենք ինչ պիտի անենք։ Կներեք, պետություն կորցնելու խնդրի առաջ ենք կանգնել, եկել ինչեր ենք խոսում»,-ասաց նա։