«ՌԴ-ն չի պատրաստվում կլանել Դոնեցկը և Լուգանսկը». Պեսկովի պատասխանը ԵՄ-ին
Ռուսաստանը չի պատրաստվում կլանել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին այն մասին, թե Եվրամիությունում վախենում են նման սցենարից, գրում է kommersant.ru-ն:
«Ռուսաստանը չի ծրագրել և չի նախատեսում որևէ մեկին կլանել, նման բանով երբեք չի զբաղվել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը:
Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եվրամիության՝ իր անդամ երկրներին ներկայացրած փաստաթուղթը, հայտնել էր՝ ԵՄ-ն այն կարծիքին է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է աստիճանաբար կլանել և «դե ֆակտո ինտեգրել» Դոնբասի այն հատվածները, որոնք ներկայում չի վերահսկում Ուկրաինայի կառավարությունը:
Ըստ փաստաթղթի՝ «Կրեմլի՝ ապօրինի ընտրություններ կազմակերպելու և տեղի բնակիչներին անձնագրեր տրամադրելու ուղղությամբ քայլերն ուղղված են Ուկրաինայի՝ ոչ պետական վերահսկողության տակ գտնվող տարածքի՝ Ռուսաստանին դե ֆակտո ինտեգրմանը»: