Վաղարշակ Հարությունյանը Հյուսիսայինում «լանչ» է անում և նիստին գալու ժամանակ չունի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։
Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ խոսել է Սյունիքի համայնքապետերի և Գորիսի քաղաքապետի հետ, այնտեղ իրավիճակը լարված է, նաև հետաքրքրվեց՝ որտեղ է ՊՆ նախարարը:
«Ես հասկանում եմ, որ Հյուսիսայինում հիմա «լանչ է» անում և ժամանակ չունի նիստին գալու և պատասխանելու մի շարք կարևոր հարցերի, վարչապետը օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծի կահավորման հետ մենք որևէ խնդիր չունենք և առաջնագիծը իդեալական կահավորված է, բայց որտե՞ղ էր բանակը, մեր զինուժը, երբ հատվում էր ՀՀ պետական սահմանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշեց՝ Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետի տակ, և ինչու՞ չեն գերեվարվել Ադրբեջանի 250 դիվերսանտներ:
«Որտե՞ղ է եղել մեր բանակը և զինուժը, երբ հովիվն էր իրազեկում, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են մեր պետական սահմանը, երբ մարզպետը որևէ բանից տեղյակ չէր և պնդում էր, որ որևէ ռիսկ և վտանգ չկա, դրանք մոլորված ադրբեջանցիներ են: ԱԱԾ-ն՝ սպառնալից հայտարարություններ էր տարածում մեզ մեղադրելով, որ խուճապ չտարածենք և միայն անվտանգության խորհրդի նիստում իմացանք, որ իրավիճակը օրհասական է: Հատվել է ՀՀ պետական սահմանը, ինչու՞ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, որպես դիվերսանտներ»,- նշեց պատգամավորը: