Ֆիլիպիններում «կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար» բժիշկները զոհված տղայի մարմինը «մումիայի պես» կպչուն ժապավենով են կապկպել (լուսանկարներ)
Ֆիլիպիններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղային, որն ավելի ուշ մահացել է, կպչուն ժապավենով կապկպել են` նրան նմանեցնելով մումիայի, հաղորդում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, Ֆիլիպինների Նուեվա Վիսկայա շրջանում ապրիլի 30-ին լուրջ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Մերվին Ֆաբրեգասի մայրը պնդում է, որ որդուն բուժելու փոխարեն նրան տեղափոխել են Covid-19-ի հիվանդների համար նախատեսված հիվանդանոց՝ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բաժանմունք։
«Նրանք թքած ունեին որդուս վրա։ Նրանք պետք է հոգ տանեին նրա մասին, բայց տեսեք՝ ինչ արեցին»,- տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է սգացող մայրը՝ հայտնելով, որ բժիշկները դիտավորյալ անջատել են որդու թոքերի արհեստական շնչառության սարքը և մահից հետո «մումիայի պես» կպչուն ժապավենով կապկպել են։
Հիվանդանոցի տնօրեն Նապոլեոն Օբանան հայտնել է, որ հիվանդի թոքերի արհեստական շնչառության սարքն անջատվել է այն ժամանակ, երբ վերջինս մահացած է հայտարարվել, բացի այդ «հիվանդին պատշաճ բժշկական օգնություն են ցուցաբերվել, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը»։
Պատասխանելով տղային «մումիայի պես» կապկպելու մասին հարցին՝ վերջինս հայտարարել է, որ դա արվել է «նախազգուշական նկատառումներից ելնելով»։ Նրա խոսքով՝ երկում կորոնավիրուսի դեպքերի սրընթաց աճ է արձանագրվել և զոհը կարող էր նունպես կորոնավիրուսիով վարակված լինել, ուստի մյուսներին հնարավոր վարակից պաշտպանելու համար կպչուն ժապավենով կապկպել են մարմինը։