Միգուցե կարելի էր այդ 200 հոգուն գերի վերցնել և փոխանակել մեր գերիների հե՞տ․ բանակցելու ունակություն չունեցող անձինք չպետք է վարեն բանակցություններ․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Մենք ունենք մի իրավիճակ, երբ 200 ադրբեջանցի հատում է ՀՀ սահմանը, իսկ մենք սահմանապահներ չունենք, ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Բանակը միայն քաղաքական հայտարարություններ անելու համա՞ր է, ուր է գերագույն գլխավոր հրամանատարը։ Այս մասին «Առավոտյան լուրեր Լիկա Տումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Միգուցե կարելի էր այդ 200 հոգուն գերի վերցնել և փոխանակել մեր գերիների հե՞տ։ Ցավը նրանում է, որ բանակցությունների ունակություն չունեցող անձիք պետք է իրականացնեն բանակցություններ։ Եթե ես լինեի երկրի ղեկավարը, ոչ թե ԱԽ գրասենյակից կփորձեի բանակցել ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ, այլ անձամբ կգնայի սահման և կհրավիրեի Ադրբեջանի նախագահին բանակցության։ Մենք չպետք է սպասենք ինչ-որ մեկին, որ գա և փրկի մեզ»,- ասաց Թարվերդյանը։
Թարվերդյանը ընդգծեց՝ իրենց կուսակցությունը, լինելով ազգային շահերով ձևավորված կուսակցություն, առաջնահերթ է համարելու ազգային մշակույթն ու ավանդույթները։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը՝ Երվանդ Թարվերդյանը նշեց․«Թուրքիային ես միշտ համարել եմ թշնամի։ Կարելի է կարգավորել հարաբերությունները թշնամու հետ, սակայն այսօր մենք դրան պատրաստ չենք։ Որպես տնտեսական ոլորտի ներկայացուցիչ՝ ես, իհարկե կարևորում եմ սահմանների բացումը, բայց դա պետք է անել հստակ կարգավորումներով»։
Հարցին՝ Խորհրդարան անցնելու պարագայում կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Թարվերդյանը նշեց․ «Բոլորը իմ հետ են կոալիցիա կազմելու, անձերը և կուսակցական պատկանելությունը կարևոր չէ, կարևորը ազգային շահն է»։
Թարվերդյանը հավելեց, որ ինքը քաղաքականություն մտել է՝ ելնելով անհրաժեշտությունից և դեմ լինելով թե՛ նախկիններին, թե՛ նորերին։