ԱՄՆ-ում պատվաստանյութի 2 դեղաչափ ստացած բնակիչներին թույլ են տվել դիմակներ չկրել և սոցիալական հեռավորություն չպահպանել
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) թույլ է տվել երկրի բնակիչներին, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հրաժարվել դիմակներ կրելուց և սոցիալական հեռավորություն պահպանելուց:
Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին, հաղորդում է CNBC-ն:
Ըստ այդմ՝ ամբողջովին պատվաստված մարդիկ կարող են վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին, որից ստիպված էին հրաժարվել համավարակի պատճառով:
Այնուամենայնիվ, Վալենսկին շեշտել է՝ պատվաստված ամերիկացիները պետք է շարունակեն դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը, եթե նման բան են պահանջում դաշնային կամ նահանգային օրենքները: Նրանք պետք է դիմակներ կրեն նաև հասարակական տրանսպորտում, օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:
Հիշեցնենք՝ CDC ստանդարտների համաձայն՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց անձը համարվում է լիովին պատվաստված: ԱՄՆ-ում այժմ հաստատվել է երեք պատվաստանյութ՝ Pfizer և Moderna ընկերությունների դեղամիջոցը, որոնց համար անհրաժեշտ է երկու դեղաչափ, և Johnson & Johnson պատվաստանյութը, որը պահանջում է ընդամենը մեկ դեղաչափ:
Ըստ CDC-ի՝ մինչ այժմ ԱՄՆ-ում պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը ստացել է 154 միլիոն մարդ (բնակչության 46 տոկոսը): 117,6 միլիոն մարդ (բնակչության 35 տոկոսը) համարվում է ամբողջովին պատվաստված:
Սպիտակ տունը ակնկալում է, որ մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, երկրում ամբողջությամբ պատվաստված մարդկանց թիվը կհասնի 160 միլիոնի: