Նեթանյահուն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի կառույցներին Գազայի հատվածում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և շարունակել հարվածներ հասցնել Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման կառույցների ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Ես գտնվում եմ «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգի մարտկոցներից մեկի մոտ: Հրամանատարներն ու զինվորականները հսկայական աշխատանք են կատարում Իսրայելի երկինքը և երկրի քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ: «Երկաթյա գմբեթը» մեզ հարձակվելու հնարավորություն է տալիս: Իսրայելի բանակն արդեն հարվածներ է հասցրել հարյուրավոր թիրախների ուղղությամբ, շուտով հարվածների թիվը կգերազանցի 1000-ը: Մենք կշարունակենք գրոհել ՀԱՄԱՍ-ի դիրքերը՝ պաշտպանելով Իսրայելի քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: