ԵՄ-ի կարծիքով՝ ՌԴ-ն նպատակ ունի «դե ֆակտո ինտեգրել» Արևելյան Ուկրաինան. Bloomberg
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է աստիճանաբար կլանել և «դե ֆակտո ինտեգրել» Դոնբասի այն հատվածները, որոնք ներկայում չի վերահսկում Ուկրաինայի կառավարությունը:
Այս մասին ասվում է Եվրամիության՝ իր անդամ երկրներին ներկայացրած փաստաթղթում, հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «Կրեմլի` ապօրինի ընտրություններ կազմակերպելու և տեղի բնակիչներին անձնագրեր տրամադրելու ուղղությամբ քայլերն ուղղված են Ուկրաինայի՝ ոչ պետական վերահսկողության տակ գտնվող տարածքի՝ Ռուսաստանին դե ֆակտո ինտեգրմանը»:
Միևնույն ժամանակ, փաստաթղթում ներկայացվում են նաև տարբերակներ, թե ինչպես ամրապնդել Ուկրաինայի կայունությունը «ռուսական ագրեսիային հակազդելու հարցում»:
Ի թիվս մի շարք պնդումների, փաստաթղթում կարևորվում է «հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ հաքերային սպառնալիքներին հակազդելու և ապատեղեկատվության դեմ պայքարում աջակցության ուժեղացումը, Ուկրաինայի` կորոնավիրուսի պատվաստումների ծրագրին օժանդակությունը, Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու նպատակով էներգետիկ անվտանգության բարելավումը, Ղրիմի և Դոնբասի որոշ շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերի ճանաչումը մերժելու միջոցառումների ամրապնդումը, ինչպես նաև Ուկրաինայի՝ ԵՄ անվտանգության որոշ նախագծերին մասնակցելու թույլտվության հարցի քննարկումը»: