Շվեդիան մերժել է Չեխիայի` երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ խնդրանքը` դա «ծայրահեղ միջոց» համարելով
Շվեդիան թագավորությունից ռուս դիվանագետների վտարումը համարել է «ծայրահեղ միջոց» և հրաժարվել է բավարարել այս մասով Չեխիայի խնդրանքը: Այս մասին ԵՄ արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է այս երկրի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն, գրում է EADaily լրատվականը:
Գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Չեխիայի և Ռուսաստանի միջև ստեղծված դիվանագիտական իրավիճակը, ինչպես նաև ԵՄ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը `ի նշան Պրահայի հետ համերաշխության:
«Շվեդիան երկուշաբթի ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստում իր լիակատար աջակցությունն է հայտնել Չեխիային: Ռուսաստանի գործողություններն անընդունելի են, և մենք ուրախ ենք, որ ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնել Չեխիային և խստորեն դատապարտել Ռուսաստանի գործողությունները: Շվեդիան աջակցություն է առաջարկել Մոսկվայում Չեխիայի դեսպանատանը վերջինիս աշխատակազմի կրճատման պայմաններում»,-ասել է Շվեդիայի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեա Ռյոմպկեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Համաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: