3 երկիր պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն խոչընդոտում է հայտարարության ընդունմանը
Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության աճի առնչությամբ, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է՝ առաջարկվող բաց հանդիպումը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ:
Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առցանց ձևաչափով երկու փակ հանդիպում է անցկացրել այս խնդրի կապակցությամբ:
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրներից մեկը նշել էր՝ Միացյալ Նահանգները միակն է, որ խոչընդոտում է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարության ընդունմանը:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին