Սյունիքում ադրբեջանցիները հետ չեն քաշվելու, Փաշինյանի հռչակած խաղաղությունը կեղծ է ու սուտ․ Լիլիթ Թումանյան (տեսանյութ)
Արդեն իրականություն են դառնում այն նախազգուշացումները, որ կեղծ ու սուտ է Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Թումանյանը՝ խոսելով տարածվող տեղեկությունների մասին, որ Սյունիքում լարված վիճակ է, հակառակորդը փորձել է առաջ տալ իր դիրքերը:
Լիլիթ Թումանյանը ցույց տվեց Սյունիքի քարտեզը, թե որ հատվածների մասին է խոսքը։ Նա նշեց, որ խոսքը վերաբերում է Սև լճին՝ նշելով, որ հենց այս լճի համար է վեճը տեղի ունենում: «Նրանք հասել են գրեթե Վերիշեն, որը գրեթե Գորիսում է, սա նշանակում է, որ մի քանի անգամ, տարբեր հարթակներում արված այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով, իրականություն է դառնում»,- ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել, որ Իսրայելի և Պաղեստինի միջև վեճ է տեղի ունենում և փորձում է առաջ գալ:
«Մերոնք հիմա շրջափակման մեջ են, որովհետև հակառակորդը ճանապարհ է կտրել, ռուս խաղաղապահներն արդեն հասել են այնտեղ և բնականաբար փորձում են բանակցել, բայց ես հիմա հարց եմ տալիս ձեզ՝ համոզվա՞ծ եք, որ ադրբեջանցիները հետ կքաշվեն, ես համոզված եմ, որ հետ չեն քաշվելու, որովհետև իրենց սովորույթի մեջ չէ հետ քաշվել այնտեղից, որտեղ եկել են»,-նշեց նա։
Լիլիթ Թումանյանը ներկայացրեց, որ պետք է հասկանալ, թե կատարվողն ինչի դրսևորում է, քանի որ բազմիցս շատ փորձագետներ խոսել են այն մասին, որ եթե նախընտրական փուլում Փաշինյանն իր դիրքերը թուլացած զգա, ապա հնարավոր է, որ որևէ կերպով բանակցեն ռազմական լարվածության մասին, որից հետո՝ արտահերթ ընտրություններից կխուսափեն: «Օրինակ, եթե իսկապես ռազմական բախում լինի, և ՀԱՊԿ-ը միջամտի, այստեղ արդեն ռազմական դրություն է վերականգնվելու և արտահերթ ընտրությունները հետաձգվելու են»:
Լիլիթ Թումանյանը նշեց, որ այս պահին ականատեսն ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման հերթական հետևանքի, որը կրում են շարքային զինվորականները, քաղաքացիները, սյունեցիները: