Ճապոնացի մասնագետները հաստատել են, որ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն արդյունավետ է երկրում կորոնավիրուսի հայտնաբերված բոլոր շտամերի դեպքում
Յոկոհամայի համալսարանի ճապոնացի գիտնականների խումբը հաստատել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ, որոնք հայտնաբերվել են Ճապոնիայում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` ներկայացնելով medRxiv էլեկտրոնային գրադարանում հրապարակված տվյալները, փորձարկումների ընթացքում մասնագետները ստուգել են` արդյոք պատվաստումից հետո ճապոնացիների մոտ հակամարմիններ ձևավորվում են, թե ոչ:
Արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ 90 տոկոս դեպքերում պատվաստանյութն արդյունավետ է երկրում հայտնաբերված բոլոր 7 շտամի դեպքում և օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ հակամարմինների առաջացում է ապահովում: Դա վերաբերում է նաև հնդկական և բրիտանական շտամերին:
Իսկ ինչ վերաբերում է «Քովիդ-19»-ի նախնական շտամին, ապա դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 99 տոկոս: Հետազոտությանը մասնակցել է մոտ 110 մարդ:
Պատվաստման գործընթացը Ճապոնիայում մեկնարկել է փետրվարին: Ներկա պահին ամբողջական իմունիզացում է անցել 1,2 մլն բուժաշխատող: 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ևս 400 000 մարդ ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որոնցից 15 000-ը` նաև երկրորդը: